Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։ Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ «Անդրանիկ Արզումանյանի գիտելիքն ու վաստակը գնահատելով՝ ես նրան խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միասին կիրականացնենք»,- ասել է նախարարը:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները Կոնստանտին Օրբելյանը կհամատեղի մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքների ամփոփումը:
Թե ինչ է խոստանում մրցույթը, հայտնի չէ, բայց արդեն վաղուց, մինչ այս փոփոխությունները, լուրեր էին պտտվում, որ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու է Հասմիկ Պողոսյանը: